Travel.ru պորտալը պարզել է, թե ԱՊՀ որ քաղաքներն են ռուսաստանցիները նախընտրում ամառային հանգստի համար: Վարկանիշը կազմվել է 2015-ի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների կողմից ամրագրված հյուրանոցների տվյալների հիման վրա:
ԱՊՀ քաղաքների առաջին տասնյակում են հայտնվել Մինսկը, Երևանը, Բաքուն, Քիշնևը, Ալմաթին, Կիևը, Աստանան, Վիտեբսկը, Բիշքեկը և Օդեսան:
Ըստ պորտալի տվյալների, Մինսկում ռուսաստանցի զբոսաշրջիկները միջինը անցկացնում են 4 օր և հյուրանոցում ծախսում են օրական մոտ 80 դոլար, Երևանում` օրական 55 դոլար, Բաքվում` օրական 60 դոլար:
ԱՊՀ մայրաքաղաքներից ամենամատչելին Քիշնևն է` օրական 35 դոլար, իսկ ամենաթանկը` Աստանան օրական 93 դոլարով:
ԱՊՀ երկրներ ռուսաստանցի զբոսաշրջիկները հիմնականում մեկնում են միջինը 4 օրով և ծախսում են օրական 3 հազար ռուբլի, ինչը գրեթե հավասար է ամառային հանգստին Ռուսաստանի ներսում:
Բելառուսում, որը ցանկի առաջատարն է, ռուսաստանցիներն այցելում են Բելովեժսկի անտառ և Նեսվիժի ամրոց, իսկ հյուրանոցները ավելի հաճախ ամրագրում են Մինսկում, Վիտեբսկում և Բրեստում:
Ըստ հետազոտության, Բաթումն ու Թբիլիսին ևս կհայտնվեին առաջին տասնյակում, եթե Վրաստանը ԱՊՀ կազմում լիներ: Բաթումում հիմնականում զբոսաշրջիկները մեկ շաբաթ են անցկացնում, իսկ Թբիլիսիում` 6 օր:
ԱՊՀ երկրների ամենապահանջված հանգստավայրերն են Ղրղզստանի Իսիկ Կուլը, Ղազախստանի Բոլովոեն, Ադրբեջանի Կասպից ծովի ափին գտնվող Հուդաթը, Հայաստանի Սևանա լիճը և բելառուսական Նարոչ լիճը: