2 հունիսի 2015 - 12:45 AMT
1915-ի շարունակությունը. Սիսի հայկական վանական համալիրի տարածքում մանկական զբոսայգի է կառուցվել

Ադանայի Քոզան (Սիս) գավառում գտնվող հայկական վանական համալիրի տարածքում մանկական զբոսայգի է կառուցվել: Թուրքական Demokrathaber.net-ին հղումով Ermenihaber-ը գրում է, որ նշյալ վանական համալիրը պատկանում է այն հայկական եկեղեցական գույքի թվին, որոնց վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս դիմել է թուրքական դատարան:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ:

Դեռ 2014-ի սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացման ժամանակ է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց, որ պատրաստվում է հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին:

Մոտ 700 տարի տարածքի հայերի համար հոգևոր կենտրոն ծառայած վանական համալիրի վերադարձման պահանջով դատական գործին ի պատասխան՝ Քոզանի քաղաքապետ, Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ- MHP) ներկայացուցիչ Մուսա Օզթուրքը հայտարարել է. «Որևէ մեկին անգամ 1 թիզ հայրենիքի հող չունենք տալու», և վանական համալիրի բակում մանկական զբոսայգի է կառուցել:

«1915-ի Հայոց ցեղասպանությանը հաջորդած շրջանում՝ 1921-ին, Ադանայի Քոզան գավառի հայկական վանական համալիրի՝ 48 ժամվա ընթացքում հանձնելու հրաման եղավ, ինչի հետևանքով հայ հոգևորականները տիպված եղան լքել Ադանան: Հարկադրաբար Լիբանան տեղափոխված հայ հոգևորականները մայրաքաղաք Բեյրութի Անթիլիաս շրջանում նորից հիմնեցին Կիլիկիայի հայկական կաթողիկոսարանը»,- գրում է թուրքական պարբերականը:

Հայկական երկու կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը՝ Կիլիկիայի հայկական կաթողիկոսարանը, ապրիլի 27-ին դիմելով Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջել է վերադարձնել Ադանայի (Սիսի) հայկական Սուրբ Սոֆիա եկեղեցին, վանքապատկան կառույցներն և այլ եկեղեցապատկան գույքը:

«Հայտնի է, որ լքված ու բարձիթողի վիճակում հայտնված, գանձեր որոնողների կողմից անխնա ավերվող Ադանայի հայկական վանական համալիրի վերաբերյալ 1950թ. ապամոնտաժման հրաման է եղել, իսկ ավերված եկեղեցու քարերը որպես շինանյութ օգտագործվել են շրջակայքի տների կառուցման ժամանակ»,- գրում է աղբյուրը:

Ադանայի հայկական եկեղեցու բակում, որտեղ, ի դեպ, գտնվում են հայ հոգևորականների շիրիմ,շները, մանկական զբոսայգու կառուցումը բողոքի ալիք է առաջացրել և լայն քննարկումների առիթ հանդիսացել սոցիալական ցանցերում՝ որակվելով որպես 1915-ի շարունակություն՝ մշակութային ցեղասպանություն: