2 հունիսի 2015 - 20:37 AMT
Բելգիայի խորհրդարանը կարող է Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև ընդունել

Բելգիայի դաշնային խորհրդարանական չորս խմբակցությունը՝ «Ֆլամանդական նոր դաշինք», «Ռեֆորմատորական շարժում», «Քրիստոնեա-դեմոկրատներ և ֆլամանդացիներ», «Ֆլամանդական բաց լիբերալներ ու դեմոկրատներ», նախատեսում են երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև ներկայացնել: Բելգիական Le Soir պարբերականին հղումով ArmenianGenocide100.org-ը գրում է, որ այս մասին տեղեկացրել է «Ռեֆորմատորական շարժում» խմբակցության նախագահ Դընի Դյուկարմը:

Վերջինս նշել է, որ բանաձևի տեքստը մշակման վերջնականփուլում է, սակայն խորհրդարանի լիագումար նիստում քննարկման համար պատրաստ կլինի հավանաբար մինչև տարեվերջ: Պատգամավորն ընդգծել է, որ նախաձեռնությամբ կուսակցությունները հանդես են եկել նախքան խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավորներ Էմիր Կիրի և Մահինուր Օզդեմիրի կողմից Ցեղասպանության հանդեպ ժխտողական վերաբերմունքի արտահայտումը:

Humanist Democratic Centre (HDC) կուսակցության անդամ, ազգությամբ թուրք պատգամավոր Մուհինար Օզդեմիրը Հայոց ցեղասպանությունը հերքելու համար հեռացվեց կուսակցության շարքերից:

Ըստ թուրքական TRThaber-ի օրինագիծը, որը մինչև տարվա վերջ կքննարկվի խորհրդարանում, սպասվում է, որ աջակցություն կստանա նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից, գրում է Ermenihaber-ը:

Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998 թվականին, իսկ այս տարվա մայիսի 1-ին Բելգիայի ֆրանսիական համայնքի խորհրդարանի անդամները լիագումար նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։