Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջանքեր է գործադրում ռադիոլոգիական զենք ստեղծելու համար:
Իրաքի և Սիրիայի գրավյալ քաղաքներում գրոհայինները ռադիոակտիվ նյութեր են հավաքում բուժհաստատություններում և գիտական կենտրոններում, ուստի «մտավախություն կա, որ նրանք մտադիր են մեծ «կեղտոտ ռումբ» սարքել», մեջբերել է ԱԳ նախարարին Australian թերթը:
Նախորդ շաբաթվա վերջում Բիշոփը նաև հայտնեց քիմիական զենք ստանալու «Իսլամական պետության» փորձերի մասին: Նույն նպատակով ծայրահեղականները «հավաքագրում են հմուտ գիտնականների և մասնագետների, այդ թվում արևմտյան երկրներից»: Ըստ Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարի տվյալների, ԻՊ գրոհայիններն «արդեն քլոր են կիրառել Իրաքում հարձակողական գործողությունների ժամանակ», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարը նաև ասել էր, որ «ԻՊ նման ահաբեկչական խմբավորումների աճը ամենալուրջ սպառնալիքներից է աշխարհի անվտանգությանը»: «Հաստատված կարգը խախտելու իրենց խենթ մղումներով նրանք պատրաստ են ցանկացած միջոցների դիմել, այդ թվում նաև քիմիական զենք օգտագործել»,-հավելել էր Բիշոփը: Դեկտեմբերի կեսին Սիրիայի կառավարությունը հայտնեց Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որ «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են քլոր պարունակող նյութերի համար նախատեսված արդյունաբերական օբյեկտները:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:
Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:
Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին: