12 օգոստոսի 2015 - 13:46 AMT
4 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ IMC մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում

Հայաստանը 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացված հերթական մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (IMC): Այս մասին օգոստոսի 12-ին տեղեկացրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվում է և անհատական, և թիմային հաշվարկներով:

Երևանի պետական համալսարանը ներկայացված էր 4 մասնակցով, որոնցից երեքը արժանացել են արծաթե մեդալների, իսկ մեկը ստացել է գովասանագիր: Թիմային առաջնությունում ԵՊՀ թիմը գրավել է 24-րդ տեղը:

Ամերիկյան համալսարանը ներկայացված էր 2 մասնակցով, որոնցից մեկը նվաճել է արծաթե մեդալ: Թիմային առաջնությունում համալսարանի թիմը գրավել է 67-րդ տեղը:

Սլավոնական համալսարանը ներկայացված էր 2 մասնակցով, որոնցից մեկը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ մյուսը՝ գովասանագրի: Թիմային առաջնությունում համալսարանի թիմը գրավել է 61-րդ տեղը:

Համալսարանների ուսանողների միջև ամենամյա մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC) անցկացվում է 1994-ից: Օլիմպիադային մասնակցում են հարյուրավոր ուսանողներ աշխարհի բազմաթիվ համալսարաններից:

Երևանի պետական համալսարանը IMC-ին այս տարի մասնակցել է 11-րդ անգամ: ԵՊՀ թիմերը նախորդ տարիներին նվաճել են 2 ոսկի մեդալ, մի քանի արծաթ և ոսկի: Ամերիկյան համալսարանը մասնակցել էր 2-րդ անգամ, առաջին անգամ մասնակցելով համալսարանը նվաճել էր բրոնզե մեդալ: ԻսկՌուս-հայկական (Սլավոնական) համալսարանը առային անգամն էր մասնակցում օլիմպիադային: