22 հոկտեմբերի 2015 - 13:43 AMT
Համազգային թատրոնը կկրի Սոս Սարգսյանի անունը

Համազգային թատրոնն այսուհետ կկրի Սոս Սարգսյանի անունը: Այսպիսի որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում:

Որոշման համաձայն՝«Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվում է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է 1991-ին հիմնադրել Համազգային թատրոնը: Նրա մահից հետո թատրոնը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով իր հիմնադրի գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումները:

Կառավարության մեկ այլ որոշմամբ բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը կանվանակոչվի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի անունով:

Մազմանյանը «Գոյ» փորձարարական թատրոնը հիմնադրել է 1988-ին: Նա որպես հիմնադիր և բեմադրող ռեժիսոր, մեծ դերակատարություն է ունեցել կենտրոնի կայացման և զարգացման գործում, նպաստել թատրոնի և կինոյի զարգացմանը:

Սոս Սարգսյանը 1929-ի հոկտեմբերի 24 Ստեփանավանում։ 1948-ին տեղափոխվել էր Երևան, աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1954-ին ավարտել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991-ը եղել էր Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991-ին հիմնադրել էր Համազգային թատրոնը։ 1997-2006-ը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտորն էր, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009-ին ընտրվել էր ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։