ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը եկել է այն համոզման, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են աշխատել ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ: Այս կարծիքին է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Հոկտեմբերի 23-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի շրջանակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին նա նշել է, որ պաշտոնական Բաքուն հաճախ է դժգոհում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, մինչդեռ ըստ նրա՝ խնդիրը Մինսկի խմբի մեջ չէ, այլ՝ հակամարտող կողմերի, գրում է Tert.am-ը:
«Երկու կողմը պատրաստ է աշխատել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, երրորդ կողմն ընդհանրապես պատրաստ չէ դրան: Համենայն դեպս, այդ երկրի ղեկավարությունը չի հետևում անգամ Ադրբեջանի համազգային առաջնորդ համարվող Հեյդար Ալիևի ցուցումներին», - ասել է նա՝ ընդգծելով, թե վերջերս լսել է հին ձայնագրություններ, արված դեռևս 90-ականներին, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի բարձրագույն ղեկավարություն հետ խոսակցությունները:
«Հատուկ գրի եմ առել Հեյդար Ալիևի խոսքերը՝ «հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով» և «ես պատրաստ եմ ամեն օր հաստատել հրադադարի պահպանման ռեժիմը: Համապատասխանո՞ւմ են Ադրբեջանի ներկա գործողություններն այդ հայտարարություններին, ես կարծում եմ, որ պատասխանը բոլորի համար է պարզ, իհարկե՝ ոչ», - ասել է Կազիմիրովը:
Նա նաև շեշտել է՝ քանի դեռ չկա փոխըմբռնումը, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ առաջընթաց այս գործընթացում պետք չէ սպասել:
Հոկտեմբերի 26-ին Հայաստան կայցելենԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման ՄԽ համանախագահները: Այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում: