Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Պարագվայի խորհրդարանի կողմից հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանության փաստը միաձայն ճանաչելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է այն մարդկանց քաջությունը, ջանքերն ու նվիրումը, որոնց շնորհիվ պատմական ճշմարտությունը հաղթեց մերժողական ճնշումներին:
«Պարագվայը կամավոր սկզբունքով միացավ հանուն արդարության, ճշմարտության և հիշողության մղվող միջազգային պայքարին և վեր է բարձրացում ժամանակակից ու աջակցող Հարավային Ամերիկայի դրոշները»,-նշվում է հայտարարության մեջ, գրում է Panorama.am-ը:
Նշվում է նաև, որ Պարագվայը իր եղբայրական պետություններ Ուրուգվայի, Չիլիի, Բրազիլիայի, Արգենտինայի, Բոլիվիայի և Վենեսուելայի հետ միասին մեծ ներդրում են ունեցել պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը»:
Հարավամերիկյան երկրներից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Վենեսուելան, Արգենտինան, Ուրուգվայը, ինչպես նաև աշխարհամասի այլ երկրների բազմաթիվ քաղաքներ և նահանգներ: