21 նոյեմբերի 2006 - 18:48 AMT
Ա. Ղուլյան. ԼՂՀ-ն անպայման կմասնակցի բանակցություններին, երբ Բաքուն հասունանա դրա համար
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ստեփանակերտի հնարավոր մասնակցության մասին, հայտարարել է, որ երբ ադրբեջանական կողմը կհասունանա հակամարտության կարգավորման հարցում, ԼՂՀ-ն անպայման կմասնակցի բանակցություններին: «ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին չի կարող ինքնանպատակ լինել: Մենք չպետք է մասնակցենք բանակցություններին միայն նրա համար, որպեսզի հայտարարենք մեր մասնակցության մասին»,- ընդգծել է Ղուլյանը, ավելացնելով, որ ներկա դրությամբ միջազգային մակարդակով բազմաթիվ փաստաթղթեր են ընդունվել, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերի գոյությունը: Բանակցությունների գործընթացի ներկա ձեւաչափի ստեղծման նախաձեռնողը, իհարկե, Ադրբեջանն է: «Սակայն եթե դա աջակցի հակամարտության կարգավորմանը, ներկա ձեւաչափն ընդունելի կլինի նաեւ ԼՂՀ համար: Այնուամենայնիվ, անձամբ ես գտնում եմ, որ ԼՂՀ մասնակցությունը տվյալ գործընթացում անպայման է»,- ամփոփել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակը, հայտնում է Regnum-ը: