17 դեկտեմբերի 2015 - 15:28 AMT
Դեպի Պարզ լիճ և Գառնի տանող ճանապարհները կվերանորոգվեն 2016-ին

2016-ին դեպի Պարզ լիճ և Գառնի տանող ճանապարհները կվերանորոգվեն: Այդ մասին դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում տեղեկացրել է Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի հարցին:

Բաբայանը նիստում հայտարարել է, որ Պարզ լիճ և Գառնի տանող ճանապարհները «գտնվում են խայտառակ վիճակում»:

«Պարզ լճի և Գառնու ձեր նշած ճանապարհներն ընդգրկված են հաջորդ տարում իրականացվող մի շարք ծրագրերում` վերանորոգվելու համար: Գառնու ճանապարհը նշեմ, որ գտնվում է բարդ սողանքային գոտում, և մենք մասնագետների հետ միասին բարդ լուծում ենք գտել, որը թանկարժեք չի լինի և հաջորդ տարի կսկսվի այդ ճանապարհի վերանորոգումը», - ասել է փոխնախարարը, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ Պարզ լճում էլ, որպես տուրիստական գոտի, նախատեսել ենք որոշակի ներդրումներ` ճանապարհի վերականգնման համար: