Սիրիահայ ռեժիսորԱվո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» վավերագրական ֆիլմը ներկայացվելու է Բեռլինի միջազգային կինոփառատոնում: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Ֆիլմը պատմում է Հալեպի Նոր գյուղ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում այնտեղ բնակվող հայ ընտանիքի կյանքի մասին: Ւնտանիքը 2015-ից ապաստանել է Բեյրութում: Հեղինակն իր տեսախցիկով նկարահանել է շրջանի ավերածությունները, դժվարություններին դիմադրող բնակչությանը և յուրահատուկ ոճով զուգահեռներ անցկացրել Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև:
Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է փետրվարի 11-21-ը:
Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985-ին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում և հայկական սեմինարիայում: Ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա:
Գաբրիելյանն իր ընկերների հետ բացել է Հալեպում առաջին հանրային կինոակումբը: Նա մասնակցել է «Ոսկե Ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնին: Ռեժիսորը փառատոնին ներկայացրել է իր «Եվս երկու քայլ» ֆիլմը, որը նվիրված է լեգենդար հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: