Հայկական շուկայում Mars կոնֆետներում պլաստիկ չկա: Այս մասին հայտնել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։
Mars ամերիկյան կոնցեռնը Գերմանիայում վաճառքից հետ է կանչում «Մարս», «Սնիքերս» և «Միլքի ուեյ», ինչպես նաև Celebrations կոնֆետները դրանցից մեկում պլաստիկի մասնիկներ հայտնաբերելու պատճառով։ Առգրավման է ենթակա վերջին չորս շաբաթի ընթացքում Գերմանիա մատակարարած արտադրանքը։ Խոտան ապրանքի ժամկետայնությունը տատանվում է 2016-ի հունիսի 19-ից մինչև 2017-ի հունվարի 8-ը:
«Այդ կոնֆետները Հայաստան են մատակարարվում Ռուսաստանից, որն ընդգրկված չէ այն 55 երկրի ցուցակում, որտեղ տարածված էր տվյալ արտադրանքը։ Նախօրեին Ռոսպոտրեբնադզորը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ ՌԴ-ն և ԵՏՄ երկրները ռիսկի գոտում չեն», - ասել է Առաքելյանը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը:
Նա ընդգծել է, որ, չնայած սպառնալիքի բացակայությանը, Պետտեսչությունը կշարունակի վերահսկողություն իրականացնել սահմանում։
Ռոսպոտրեբնադզորի տվյալներով, Ռուսաստան են մատակարարվել «Մարս», «Սնիքերս» և «Միլքի ուեյ» կոնֆետներ 2016-ի հունիսի 19-ից մինչև 2017-ի հունվարի 8-ը պիտանելիության ժամկետով, որոնց մասին էլ խոսք է գնում։