26 փետրվարի 2016 - 11:44 AMT
Թուրքիայի ԻՊ հետ կապը բացահայտած լրագրողներն ազատ են արձակվել

Թուրքիայի սահմանադրական դատարանը վճռել է ազատ արձակել «Ջումհուրիյեթ» թերթի լրագրողներ Ջան Դյունդարին ու Էրդեմ Գյուլին, որոնք արդեն 92 օր ազատազրկված են Թուրքիայի հատուկ ծառայությունների՝ Սիրիայի իսլամիստներին աջակցելու մասին բացահայտումների համար:

Սահմանադրական դատարանի խորհուրդը 12 կողմ, 3 դեմ ձայնով վճռել է ազատ արձակել «Ջումհուրիյեթ» թերթի խմբագիր Ջան Դյունդարին ու Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլին՝ «անձի ազատության ու անվտանգության», «մամուլի ազատության», «ազատ խոսքի» իրավունքները չոտնահարելու համար, BBC-ին հղումով գրում է Tert.am-ը։

Ավելի վաղ լրագրողական գործունեության պատճառով Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի համար ցմահ ազատազրկման պահանջ էր ներկայացվել։

2015-ի մայիսին նրանք «Ահա և ըստ Էրդողանի գոյություն չունեցող զենքերը» խորագրով նյութ էին պատրաստել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայություններին պատկանող բեռնատար մեքենաների մասին, որոնք զենք էին մատակարարում իսլամիստներին։

Դրանից հետո պետական անվտանգության մասին տեղեկությունների հրապարակման, պետական և ռազմական լրտեսության, գաղտնի տվյալների հրապարակման և ահաբեկչական կազմակերպության քարոզչության մեղադրանքներով նախաքննություն էր սկսվել նրանց նկատմամբ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ջումհուրիյեթին» և Դյունդարին դավաճանության համար էր մեղադրել։

Լրագրողների բանտարկությանն իրենց բողոքն արտահայտելու համար Թուրքիայի տարբեր քաղաքներում բազմաթիվ մտավորականներ, գիտնականներ, գրողներ և արվեստագետներ ցույցեր էին կազմակերպել։