Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում Հյուսիսային Սիդնեյից նորընտիր պատգամավոր Թրենտ Զիմերմանն իր առաջին ելույթում կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թրենտ Զիմերմանը Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում փոխարինել է հայկական արմատներ ունեցող Ջո Հոքին: Հոքն այժմ ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպանն է և երկար տարիներ պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
«Հայերը պատմական վիթխարի անարդարություն տեսած ժողովուրդ են: Նրանք ցեղասպանության են ենթարկվել, որի դրոշմը մինչ օրս կրում են հայ համայնքները: Լավագույն մխիթարանքը Հայոց ցեղասպանության ճանաչումն է, հատուցումը և հաշտեցումը: Հուսով եմ, որ Թուրքիան, միջազգային հանրությունն ի դեմս ԱՄՆ-ի, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Զիմերմանը, հայտնում է Արցախպրեսը:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Արին Մարգարյանը ողջունել է Զիմերմանի քայլը` շեշտելով, որ նա Ջո Հոքիի գործի հետևորդն է: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Զիմերմանին իր առաջին ելույթի կապակցությամբ` արգասաբեր աշխատանք մաղթելով: