Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է թիմում պահել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Գերմանական ակումբն ավելի լավ պայմաններով պայմանագիր է առաջարկում ֆուտբոլիստին,- ասել է «Sky Sport»-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, հայտնում է Tert.am-ը:
Առաջարկվող նոր պայմանագրի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Պարբերականը նշում է նաև, որ առաջարկի մասին Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան արդեն հայտնել է «Յուվենտուսին»: Դորտմունդի թիմի 10 համարն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2017 թվականի ամառ:
Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 26 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակն է լինելու Լոնդոնի «Արսենալի» համար: Միաժամանակ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարում Թուրինի «Յուվենտուսի հետ», հայտնել է Gazzetta dello Sport պարբերականը:
2009 թվականին 20-ամյա Մխիթարյանն՝ այն ժամանակ դեռևս Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող, հայտարարել էր «Արսենալին» երկրպագելու մասին: «Լոնդոնցիների խաղն ինձ ամենից շատ է դուր գալիս: Կոմբինացիոն, արագ, հարձակողական ֆուտբոլը «ռմբարկուների» այցեքարտն է: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է, ու ինձ դուր է գալիս, որ նա շարունակում է վստահել երիտասարդներին: Շատ կուզեի ինքս էլ այնտեղ հայտնվել», - ասել էր նա:
Ընթերցեք նաև. «Արսենալն» ու «Յուվենտուսը» պայքարում են Մխիթարյանին ձեռք բերելու համար (Հարցում)