ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված։
«Վաշինգտոնում Օբամայի վարչակազմի կողմից ջերմ ընդունելության արժանանալուց հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում է սկսել շփման գծում: Զոհվել է մի քանի անձ, այդ թվում՝ հայ երեխա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գրասենյակը հիշեցնում է, որ փոխնախագահ Ջո Բայդենն անձամբ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հաշվի չառնելով տարածաշրջանում նրա ագրեսիան ու Ադրբեջանում բռնաճնշումները, բացահայտորեն քաջալերելով նրա ռազմատենչ ակտիվությունը։ Ալիևին հարգալից ընդունել է նաև պետքարտուղար Ջոն Քերին:
«Օբամայի վարչակազմի ձախողումն է Վաշինգտոնում Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու փոխարեն Ալիևի համար կանաչ լույս վառելը՝ Ղարաբաղում այս հարձակումները սկսելու համար»,- նշվում է հայտարարության մեջ, գրում է Tert.am-ը։
Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:
Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:
Կարդացեք նաև՝ Ադրբեջանը «Գրադով» հարվածել էր դպրոցին. Վիրավոր երեխաներից մեկին վիրահատել են
ՀԱՊԿ. Ադրբեջանը սրում է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում