9 ապրիլի 2016 - 17:57 AMT
Բողոքի ցույց Ամստերդամում՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի

Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակում հարյուրավոր նիդերլանդահայեր բողոքի ցույց անցկացրեցին՝ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի:

Դեռ ապրիլի 8-ին Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին էին փոխանցվելԼեռնային Ղարաբաղի դեմ գործադրվող բռնությունների դեպքերով մտահոգությունները, գրում է Aravot.am-ը:

Ցույցի մասնակիցները կրում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախահարձակ գործողությունները դատապարտող ցուցապաստառներ, վայրենի մեթոդներով խոշտանգված անմեղ, ծեր ու անպաշտպան մարդկանց, երեխաների ու ավերված բնակավայրերի լուսանկարներ: «Ես եմ Արցախը», «Մենք ենք Արցախը», - վանկարկում էին մասնակիցները:

Հնչեցին դատապարտող ելույթներ: Շատ մասնակիցներ ցանկություն են հայտնել գումարով օգնել Ղարաբաղին:

Ապրիլի 5-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի է ունեցել «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության հանրահավաքը: Մասնակիցների ձեռքերին կային «Ղարաբաղը մերն է», «Ալիևը խաղաղության թշնամին է» լոզունգներով պաստառներ:

Հանրահավաքից հետո երիտասարդները փորձել են ավելի մոտենալ դեսպանատանը, սակայն Փարիզի ոստիկանությունը կենդանի պատ կազմելով և արցունքնաբեր գազ օգտագործելով խոչընդոտեց երիտասարդներին: Ոստիկանների թիվն աճում էր, բողոքի ցույցի մասնակիցները բռնությունից և անախորժություններից խուսափելու համար որոշել են դադարեցնել իրենց երթը դեպի դեսպանատուն:

Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց նախատեսված է հանրահավաք անցկացնել նաև ապրիլի 9-ին: Ապրիլի 5-ին բողոքի ցույց են անցկացրել նաև Ավստրիայի հայ ակտիվիստները Վիեննայի Հոֆբուրգի պալատի մոտ, որտեղ տեղի էր ունեցել ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստը: Մոտ 150 մարդ պահանջել է դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Ռիա Նովոստին:

Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին բողոքի ցույցով են դիմավորել (թարմացված)

Հայ երիտասարդը՝ ընդդեմ Լոնդոնում ադրբեջանցիների բողոքի ցույցի