Ապրիլի 22-ի երեկոյան Ուրուգվայի հայ համայնքը ցույցի էր հավաքվել` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Արծարծվել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի թեման, հայտնում է Prensa Armenia-ն:
«Մենք պայքարում ենք ժխտողականության և ստի դեմ: Մենք պետք է դադարենք ընկալել Հայոց ցեղասպանությունը որպես վաղեմի անցյալի փաստ, որը մենք հիշում ենք արցունքն աչքերին: Դա միայն մոռացության կարող է բերել: Եթե պատմությունը չեն պատմում, այն մեռնում է: Լռությունը ցեղասպանության հաղթանակն է»,-ասել են Ուրուգվայի երիտասարդ հայերը հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ երթից հետո, որն անցավ Մոնտեվիդեոյի գլխավոր պողոտայով` Անկախության հրապարակից մինչև Մոնտեվիդեոյի քաղաքապետարան:
«Այսօր մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Միևնույն ժամանակ մենք դատապարտում ենք այն խայտառակ աջակցությունը, որ ցուցաբերում է Թուրքիան Ադրբեջանին ի դեմս Էրդողանի: Դա 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում սկսվածի շարունակությունն է»,-ասել են երթի մասնակիցները: Ապրիլի 25-ին ցույցեր կլինեն նաև Արգենտինայի Կորդովա և Բուենոս Այրես քաղաքներում:
Ընթերցեք նաև. Կանադայի վարչապետը հիշեցրել է, որ Սենատն ու Համայնքների պալատը 1915թ. դեպքերը որակում են ցեղասպանություն