23 ապրիլի 2016 - 13:34 AMT
Երևանը Ցեղասպանությունը վերապրած 3 բնակիչ ունի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավանդույթի համաձայն այցելել է Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցտարի նվազում է, և այսօր մայրաքաղաքում բնակվում է ցեղասպանությունը վերապրած 3 մարդ՝ Սիլվարդ Ատաջյանը, Անդրանիկ Մաթևոսյանը, Մարգարիտա Մխիթարյանը:

«Ամեն տարի ավանդույթի համաձայն մենք այցելում ենք Ցեղասպանությունը վերապրած մեր համաքաղաքացիներին, բայցև նշեմ, որ նրանք մեր մշտական ուշադրության կենտրոնում են և մշտապես փորձում ենք ըստ ամենայնի աջակցել նրանց», - նշել է Ռուզաննա Զաքարյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակների հարազատները շնորհակալությունն են հայտնել ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար: