27 ապրիլի 2016 - 15:24 AMT
Արցախում 3 զինվոր է վիրավորվել. Մեկի վիճակը ծանր է

Ապրիլի լույս 27-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ խախտել է կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, ինչի հետևանքով 3 զինվոր վնասվածքներ է ստացել: Նրանցից մեկը ծանր վիճակում է: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

Նրա խոսքով, վնասվածքը զինվորականի կյանքին չի սպառնում և ծանր է համարվում, որովհետև վնասվել է կոնքոսկրը և լուրջ վիրահատություն անհրաժեշտ կլինի:

Ինչ վերաբերում է մյուս երկու վիրավորին, նրանց վիճակը գնահատվում է որպես բավարար. նրանցից մեկը հարվածային ալիքի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել, իսկ երկրորդը թոքի բեկորային վնասվածք: Երեք վիրավորն էլ որակյալ բուժօգնություն են ստանում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևան: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, հայտնում է Panorama.am-ը:

«Տեղափոխվել է մեկ վիրավոր` կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վիրավորումով»,-ասել է նախարարը:

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև լույս 27-ի գիշերը: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը: