Առաջնագծում գտնվող քաղաքացիների խնդիրները բանկերի հետ կառավարության ուշադրության ներքո են: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նրա խոսքով, քառօրյա պատերազմը զգալի ազդեցություն է գործել նաև Արցախի տնտեսության վրա՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կերպով: Անուղղակի ազդեցություններից մեկը պայմանավորված է մասնակի զորահավաքի արդյունքում առաջնագիծ մեկնած՝ հատկապես մասնավոր հատվածի աշխատողների վարկերի սպասարկման հետ:
«Մասնավորապես, տեղեկություններ կան, որ որոշ բանկեր այս ամսվա ընթացքում քաղաքացիներից պահանջել են բնականոն սպասարկել վարկերը, այնինչ այդ քաղաքացիների մի մասը գտնվում է առաջնագծում և, աշխատանքը թողելու պատճառով, ամսվա ընթացքում գրեթե եկամուտ չի ունեցել:
Այս խնդիրները գիտակցելով՝ կառավարությունն այժմ բանակցություններ է տանում Արցախում ներկայացված բանկերի ղեկավարության հետ, որպեսզի ապրիլի ընթացքում առաջացած տույժ-տուգանքները վերանայվեն, և հատկապես մասնավոր հատվածում աշխատող ու այս օրերին առաջնագծում կանգնած քաղաքացիները խնդիրներ չունենան իրենց վարկերի սպասարկման հետ»,- գրել է Բեգլարյանը:
Նա նշել է, որ մոտակա օրերին ավելի մանրամասն կտեղեկացնեն վերջնական լուծումների մասին:
«Հուսամ՝ բանկերը ևս գիտակցում են դիրքապահների գործի կարևորությունը և համապատասխան կերպով կընդառաջեն նրանց»,- ասել է մամուլի խոսնակը:
Ապրիլի 8-ին Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչներին:
«Կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետևանքով հատկապես Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին: Ըստ կարիքի՝ ցուցաբերվում է համապատասխան օժանդակություն»,- գրել է Բեգլարյանը: