17 մայիսի 2016 - 11:04 AMT
ԵՄ մտավախությունը՝ Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի դեպքում ահաբեկչության սպառնալիքը կաճի

Միգրացիոն համաձայնագրի շրջանակում Թուրքիայի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի ներմուծումը կբարձրացնի ահաբեկչությունների սպառնալիքը Եվրամիությունում: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի զեկույցում, որից մեջբերումներ է արել The Telegraph-ը:

«Կարելի է ակնկալել, որ հենց որ Թուրքիայի քաղաքացիներին ԵՄ առանց մուտքի արտոնագրի թույլտվություն տրվի, օտարերկրացիները կաշխատեն ստանալ Թուրքիայի քաղաքացիություն` ԵՄ ազատ մուտք գործելու նպատակով»,-ասվում է զեկույցում, հայտնում է Gazeta.ru-ն:

Եվրահանձնաժողովը մտավախություն ունի, որ այս սխեման թույլ կտա հանցագործներին ու ահաբեկիչներին անարգել մտնել Եվրամիության երկրներ: Ինչպես ասվում է զեկույցում, «թուրքական մաֆիան, որը զբաղվում թմրանյութերի մեծածավալ փոխադրումներով, դեպի Եվրոպա սեքս-ստրկուհիների, ապօրինի հրազենի ու փախստականների «առաքմամբ», կարող է ընդլայնել իր ազդեցությունը ԵՄ-ում»:

Պարբերականը հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովը վերջերս առաջարկել է առավց վիզաների ռեժիմի վերաբերյալ համաձայնագրեր կնքել Կոսովոյի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, որոնք «համակված են կազմակերպված հանցավորությամբ»:

«Կոսովոյի հետ վիզային ռեժիմի ազատականացման հետևանքների գնահատումը ցույց տվեց, որ թմրանյութերի շրջանառությունը, մարդկանց առևտուրը, հրազենի առաքումն ու օտարերկրացի ահաբեկիչների վերադարձը պոտենցիալ սպառնալիք են Եվրամիության ներքին անվտանգությանը»,-մեջբերում է պարբերականը Եվրահանձնաժողովի զեկույցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան սպառնացել է «հեղեղել» Եվրոպան փախստականներով, եթե միգրացիոն համաձայնագիրը խափանվի:

Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են քննարկումները Թուրքիայի համար ԵՄ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ: Ավելի ուշ մամուլի ասուլիսում Մարտին Շուլցն ու Արմին Մաշմերը հաստատեցին, որ Եվրախորհրդարանը չի սկսի աշխատել Թուրքիայի համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վրա, քանի դեռ «Անկարան չի կատարել բոլոր պահանջները»: