Թալիշցիները Թալիշ վերադառնալու առումով հոգեբանական խնդիր ունեն, ուստի Արցախի կառավարությունը նրանց առաջարկել է բնակարաններ այլ բնակավայրերում:
Այս մասին հայտնել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն՝ ասելով. «Մի քանի բնակավայրերում իրենց առաջարկել ենք տներ և արդեն գործընթացը սկսված է: Մարտակերտի շրջանի Ալաշյան բնակավայրն է, մյուսը` Իջան, այլ տարբերակներ էլ այս պահին քննարկվում են, դեռևս վերջնական բան չկա, կնայենք, թե որ ընտանիքներն ինչ նախընտրություններ ունեն առաջարկված տարբերակներից, վերջնական որոշում կկայացնենք»:
Այն հարցին, թե արդյոք սա պայմանավորված է հայկական Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող դիրքերի կորստով, Բեգլարյանը հիշեցրել է ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ եթե նույնիսկ որևէ դիրք կորցրած չլինեինք, ապա ԼՂՀ կառավարությունը և անձամբ ինքը կնախընտրեր, որ թալիշցիները Թալիշ չվերադառնան, քանի որ շատ մոտ է Ադրբեջանի հետ շփման գծին:
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր. «Հիմա Թալիշում անվտանգ է, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ բնակիչները վերադառնան: Հրադադարի ռեժիմը հարաբերական պահպանվում է, կարծում եմ՝ դա պայմաններ է ստեղծում ԼՂՀ ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծվեն, որ այդ հրետակոծություններից հետո ժողովուրդը վերադառնա»: