Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակում են հրթիռակոծել հայկական Նոր գյուղ թաղամասը:
Մայիսի 29-ին այնտեղ 8 հրթիռ է ընկել, ինչի հետևանքով շենք է փլուզվել, հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Արդյունքում 4 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:
Մայիսի 26-ին սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերը դարձյալ հրթիռակոծվել են:Հրթիռակոծության թիրախ է դարձել այն փողոցը, որտեղ գտնվում է հայկական ծերանոցի շենքը: Շենքում բնակվել է միայն մեկ հայ ընտանիք։ Բարեբախտաբար, ո՛չ շենքի, ո՛չ շրջանի բնակիչները չեն վնասվել։ Գրանցվել են միայն նյութական վնասներ։
Մեծ վնաս է կրել նաև հայկական ծերանոցը, հատկապես առաջին հարկում կոտրվել են ապակիներ, առաստաղների մի մասն ու այլ հատվածներ։
Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ: