2 հունիսի 2016 - 13:28 AMT
ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Կողմերը անդրադարձել են նաև ռուս-ֆրանսիական հարաբերություններին։

Մայիսի 31-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ տեղեկատվության, քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները` նախապատրաստվելու համար հունիսյան գագաթնաժողովին, որի նպատակն է «ղարաբաղյան կարգավորման գործում հնարավոր արագ առաջխաղացումը»:

Հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Բաքվում ԵՄ առաքելության ղեկավար. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումները լավ ցուցանիշ են