ԵՏՄ-ն փոխշահավետ տնտեսական հարաբերություններ կառուցելու մոտ 30 առաջարկ է ստացել շահագրգիռ երկրներից: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի բացմանը, հայտնում է Tert.am-ը:
Ելույթներով հանդես են եկել նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը և ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Ողջույնի խոսքում Տիգրան Սարգսյանը հաստատել է նաև Պան Գի Մունի խոսքն այն մասին, որ «այժմ կամուրջներ կառուցելու ժամանակն է, և ոչ թե պատեր», հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
Խորհրդի նախագահը տեղեկացրել է նաև, որ ԵՏՀ-ն Աստանայի գագաթնաժողովում ԵՏՄ անդամ երկրների նախագահների կողմից մանդատ է ստացել Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ կազմավորելու համար: Եզրափակելով իր խոսքը` Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է «մեր տնտեսական տարածությունն առավել կանխատեսումային դարձնել»:
«Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՏՄ երկրները բարդ ժամանակներ են ապրում, սակայն միասին շատ ավելի հեշտ կլինի հաղթահարել դժվարությունները: «Նախ, պետք է ընդունենք, որ շատ սեղմ ժամանակում հսկայական աշխատանք է կատարվել միասնական տնտեսական տարածքի ստեղծման ուղղությամբ: Սակայն, անելիքները ևս շատ են»,-ասել է Սարգսյանը:
Նա կարևորել է խոչընդոտների վերացումը փոխադարձ առևտրում, ներդրումների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, համատեղ նախագծերի իրականացումը: Նա նշել է, որ կիսում է Վիկտոր Խրիստենկոյի այն դրույթը, որ ԵՏՄ համար հիմնական սպառանալիքը թերի ինտեգրումն է:
«Այսինքն, մենք պետք է համարձակ քայլերով առաջ շարժվենք, հանելու համար այն արգելքները, այն բացառումները, որոնք երկրների համար սահմանվել են անցումային շրջանում, որպեսզի ընդհանուր շուկան լիարժեք աշխատի: Սա շատ կարևոր մարտահրավեր է»,-ասել է Սարգսյանը` հավելելով, որ հարկավոր է համակարգել ջանքերն ազգային կառավարությունների հետ:
Ըստ Սարգսյանի, մի կողմից ԵՏՄ-ն միջազգային կազմակերպություն է, որը ծրագրեր ու նախագծեր է մշակում, միտված ընդհանուր շահերի իրագործմանը, մյուս կողմից` հասկանալի է, որ երկրներն ունեն իրենց կոնկրետ խնդիրները, այդ թվում քաղաքական, և հարկավոր է այնպիսի որոշումներ մշակել, որոնք ընդունելի կլինեն անդամ պետությունների կառավարությունների և ղեկավարների համար: