Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջական մասնակցության, Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից ոչ ոք թռիչքային առաջընթաց չէր սպասում, սակայն, այն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հարաբերական հանգիստ ապահովելու համար օգտակար հանդիպում էր:
Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն:
«Առաջընթաց չէր սպասվում, մանավանդ, Ալիևը նախորդ օրն անհեթեթ հայտարարությամբ էր հանդես եկել: Բայց, կարծում եմ, որ այս հանդիպումով թեկուզ մի քայլ առաջ կատարեցինք դեպի խաղաղություն»,-ասել է նա, գրում է Tert.am-ը:
Շարմազանովի խոսքով, եթե կողմերը ցանկանում են, որ լուրջ առաջընթաց գրանցվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է Ադրբեջանը կատարի 1994-95թթ. զինադադարի պայմանագրի բոլոր կետերը:
«Առանց ԼՂՀ ամբողջական մասնակցության, չենք կարող ակնկալել խնդրի թռիչքային առաջընթաց: ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, ԼՂՀ հասարակությունը պետք է օգտվի նույն այն իրավունքից, որից օգտվեց Շոտլանդիայի հասարակությունը. ինչո՞ւ իրենք կարող են, բայց արցախցին՝ ոչ»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:
Կարդացեք նաև՝ Նալբանդյան. Եռակողմ հանդիպումից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական չէ