Հուլիսի 21-ին վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը զգուշացրել է Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին, որ հավաքը անօրինական է, և կոչ արել նրանց լքել տարածքը։ Ցուցարարները, սակայն, մնացել են տեղում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երկրորդ անգամ նույն կոչը անելով՝ ոստիկանները 15 րոպե ժամանակ են տրամադրել տարածքն ազատելու համար։ Ցուցարարներն այս անգամ ևս չենթարկվեցին, և քիչ անց ոստիկանական պատնեշի ետևից դուրս գալով՝ իրավապահները սկսեցին բերման ենթարկել նրանց։ Բերման ենթարկելիս ոստիկանական պատնեշի ետևում հայհոյանքներ էին լսվում թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների կողմից։ Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել։
Ոստիկանության այդ գործողություններից հետո Խորենացու պողոտայում ցուցարարներ չմնացին։
Բերման են ենթարկվել նաև ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։
Ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել 136 անձ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից: Նրանք բոլորն այս պահին ոստիկանական բաժանմունքներում են, հայտնում է Tert.am-ը:
Ավելի վաղ բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան: 02:30-ի տվյալներով, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը հասել է 51-ի, նրանցից 28-ը` ոստիկան: