ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել ղարաբաղյան հակամարտության շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգ իրականացնող խումբը մեծացնելու հարցում:
Այդ մասին է հայտնել ՌԻԱ Նովոստի գործակալությանը Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահների վերցված պարտավորությունների իրականացման ու հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հետագա առաջընթացի ուղղությամբ», - ասել է նա, նշելով, որ պլանավորված են հետագա բանակցություններ, կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավմամբ:
Վիեննայում մայիսի 16-ին տեղի ունեցած նախագահների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: