«Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Էրեբունու ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել և Արամ Մանուկյանների վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր։
Զինյալներին արդեն մեղադրանք է առաջադրվել՝ «ոչնչացնելու սպառնալիքով շինություն գրավելու» և «ապօրինի զենք պահելու» հոդվածներով։
Նրանց պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ինեսա Պետրոսյանը եղել է հիվանդասենյակում և հայտնել, որ Պավել Մանուկյանը մարտական է տրամադրված և հացադուլ է հայտարարել, գրում է Sputnik Արմենիան։
Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: