«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի առողջական վիճակն օգոստոսի 1-ին կտրուկ վատացել է:
«Երիկամային խնդիրների պատճառով նրա մոտ ցավերն ավելի են ուժգնացել: Հիմա Սանասարյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում»,- հայտնել է Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը, գրում է Aysor.am-ը:
Նրա խոսքով՝ առաջիկայում Սանասարյանը պետք է բուժզննում անցնի, որից հետո պարզ կդառնա, թե որտեղ և ինչ պայմաններում նպատակահարմար կլինի բուժում անցկացնել։
Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար։
Սանասարյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը։
Բացի Սանասարյանից, կալանավորվել են ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին: