BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է Երևանից լրագրող Մարկ Գրիգորյանի ֆոտոպատմությունը Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանք գյուղի մասին, հայտնում է Tert.am-ը:
Գյուղն իր անունը ստացել է միջնադարյան Դադիվանք վանական համալիրի պատվին: Միջնադարում վանքը խոշոր կրոնական կենտրոն է եղել։ Խորհրդային ժամանակաշրջանում, տեղի բնակիչների խոսքերով, գյուղում ապրող ադրբեջանցիները վանքում ոչխարներ են պահել։
Գյուղում ընդամենը 27 տուն կա: Գրեթե բոլոր տներում բնակվում են Ադրբեջանի տարբեր քաղաքներից և գյուղերից փախստականները, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները ղարաբաղյան պատերազմի ժամանակ:
Ինչպես գրում է հեղինակը, այս օրերին Դադիվանքի բնակիչները, ինչպեսև հարևան գյուղերի բնակիչները, սուր զգում են իրենց անպաշտպանվածությունը: Նրանք վախենում են, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը ստորագրեն խաղաղության մասին պայմանագիր, որը կներառի Ադրբեջանին որոշ շրջանների վերադարձ, նրանց կրկին կսպառնա փախստական դառնալու ճակատագիրը:
«Բնությունն այստեղ չափազանց գեղեցիկ է, սակայն մարդկանց այնքան պակասում է խաղաղությունն ու անդորրը»,- գրում է հեղինակը: