26 օգոստոսի 2016 - 10:28 AMT
Հրթիռակոծվել են Հալեպի հայկական թաղամասերը

Հալեպի հայկական թաղամասերը օգոստոսի 24-ին ընդդիմադիր զինյալների հրթիռային հարձակումների թիրախում են հայտնվել, հայտնում է Tert.am-ը «Արևելք»-ի վրա հղումով:

Ինչպես հայտնել է աղբյուրը, օգոստոսի 24-ին կեսօրից հետո պայթուցիկներ են ընկել Թելեֆոն Հաուայի շրջանում՝ պատճառելով նյութական ծանր վնասներ:

Տեղեկանալով, որ հրթիռներն ընկել են Հալեպի Հայ ավետարանական եկեղեցու հարակից տարածքում՝ «Արևելք»-ը կապ է հաստատել Սիրիայի Հայ ավետարանական համայնքի նախագահ Վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ: Վերջինս հաստատել է, որ հրթիռների հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել:

Նա հավելել է նաև, որ Հալեպի հայկական շրջանակների համար օգոստոսի 24-ը շատ ծանր օր է եղել: Նա մասնավորապես ասել է. «Այսօր բավական դժվար օր էր մեզ համար, և երկու հրթիռ ընկավ մեր եկեղեցու մոտ: Դպրոցի վերին հարկում մեծ թվով երեխաներ քննություն էին հանձնում, և նրանք հրաշքով փրկվեցին»:

Սելիմյանը, ով հրթիռակոծությունից անմիջապես հետո հասել է դեպքի վայր, նկատել է, որ հրթիռները մեծ նյութական վնաս են պատճառել:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Հալեպի տարբեր շրջաններ ևս ենթարկվել են ծանր հրթիռակոծության, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել, տասնյակ քաղաքացիներ՝ վիրավորվել:

ՄԱԿ հումանիտար օգնության համակարգող Սթիվեն Օ’Բրայանն իրավիճակը Սիրիայում մեր ժամանակների ամենալայնածավալ հումանիտար ճգնաժամն է համարել և զգուշացրել է հրատապ միջոցների անհրաժեշտության մասին, քանի որ պաշարված շրջանների հարյուր հազարավոր բնակիչների փրկության համար սննդամթերք, ջուր և դեղորայք է պետք:

Հալեպի արևելքը վերահսկում են ընդդիմության ուժերը, սակայն արդեն մի քանի շաբաթ է այդ հատվածը պաշարված է կառավարական ուժերի կողմից: Այդպիսով, մոտ 250.000 մարդ հայտնվել է ծուղակում: Կառավարությունը վերահսկում է արևմտյան թաղամասերը, որտեղ մոտ 1 մլն մարդ է ապրում: