Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի պաշտպանության նախարարություններն արժանացել են «Բանակ-2016» համաժողովի Գրան պրիին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Պարգևներ են ստացել նաև համաժողովում ներկայացված ռազմարդյունաբերության առաջատար ձեռնարկությունները: «Բանակ-2016» համաժողովը արդեն երկրորդ տարին անընդմեջ անցնում է մերձմոսկովյան Կուբինկայում:
Հայաստանը ներկայացել էր հրետանային նշանառության սարքերով, որոնք հարմարեցված են լեռնային պայմանների համար: Ցուցահարթակներում իրենց ազգային ցուցանմուշներով ՀՀ- ից բացի ներկայացել էին նաև Բելառուսը և Ղազախստանը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ասել էր, որ «Բանակ 2016»-ը սպառազինության ժամանակակից նմուշների, ռազմական և հատուկ տեխնիկայի ցուցադրման համար ամենամեծ հարթակն է:
140 հազար քմ տարածքում տեղադրվել էին ցուցահանդեսային տաղավարներ և բաց ցուցանմուշներ, պայմաններ են ստեղծվել սպառազինության և ռազմական տեխնիկայի ընթացքային, թռիչքային և կրակային հնարավորությունները ցուցադրելու համար։ Համաժողովին մասնակցում է ավելի քան հազար ռուսական ձեռնարկություն և կազմակերպություն, ինչպես նաև ավելի քան 80 արտասահմանյան պատվիրակություն։ Համաժողովը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը։