13 սեպտեմբերի 2016 - 14:08 AMT
Լողասեզոնին Սևանում 21 մարդ է փրկվել. Ավելի քան կեսը ոչ սթափ վիճակում է եղել

2016թ. լողասեզոնի ընթացքում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը ստացել է 36 ահազանգ: Գրանցվել է ջրահեղձության 2 դեպք` մարտին` լողասեզոնից առաջ, իսկ դրա ընթացքում` մեկ դեպք, երբ Սևանա լճի չվերահսկվող տարածքում 16 տարեկան պատանի է խեղդվել, սակայն այդ ահազանգը ԱԻՆ-ը չի սպասարկել:

Այս տվյալները ներկայացրել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը, գրում է Aravot.am-ը:

2013թ. ՀՀ-ում գրանցվել է ջրահեղձության 5, 2014թ.-ին` 4, 2015թ.-ին` 4, իսկ 2016-ին՝ 2 դեպք, երբ ավտոմեքենաներն ընկել են Սևանա լիճը:

Լողասեզոնի ժամանակ փրկարարների ջանքերով Սևանի լողափերի և հանգստյան գոտիների մոտ փրկվել է 21 քաղաքացի: Ի դեպ, Ճզմաչյանը տեղեկացրել է, որ փրկվածների ավելի քան կեսը եղել է ոչ սթափ վիճակում:

«Ջոկատը հունիսի մեկից ուժեղացված ռեժիմով է աշխատել` հանրային երեք լողափում և հանգստյան գոտիներում: Մեր բոլոր հենակետերը համալրված են տեխնիկայով և դիտարկման աշտարակներով: Շուտով կունենանք արագընթաց մոտորանավակ, որի միջոցով ավելի արագ և ապահով կարձագանքենք յուրաքանչյուր դեպքի` Սևանա լճի ցանկացած հատվածում և ցանկացած եղանակային պայմաններում: Ջոկատի ծառայողները պարբերաբար վերապատրաստվում են»,-նշել է Ճզմաչյանը: