ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանի մենապայքարային ու խաղային մարզաձևերի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում (Շենգավիթ վարչական շրջան) անցկացնելու է հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի թեման է «Կազմավորումների գործողությունները հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ»:
Նախարարությունից հայտնում են, որ ուսումնավարժության հիմնական նպատակներն են՝
-ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները,
-կատարելագործել արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ:
Սցենարի համաձայն` տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել են հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռներ ու հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա:
Միջոցառմանը ներգրավված են թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՔՊ բժշկական ծառայության 1 բրիգադ, մարզադպրոցի կազմավորումները, Շենգավիթի տարածքային բաժանմունքի երկրապահ կամավորականների միության համապատասխան կազմավորումները և Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության 1 մեքենա՝ իր անձնակազմով: