Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանց փաստաթղթային ձևակերպման և մի շարք այլ խախտումներով ապրանքների իրացման դեպք:
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արաբկիրի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «ՄԻՌՈՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն 2016-ի ապրիլ-հուլիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունում գործող մեկ մատակարարից ներմուծել է մոտ 140 միլիոն դրամ ինվոյսային արժեքով տարբեր ապրանքներ՝ հագուստ, ավտոպահեստամասեր, ձեթ:
Ներկրված ապրանքների ամբողջ խմբաքանակն, առանց փաստաթղթային ձևակերպման, իրացվել է տարբեր ֆիզիկական անձանց և տնտեսվարողների կողմից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չունի առևտրային ու պահեստային տարածքներ, ապրանքանյութական արժեքների մնացորդ և ներմուծված ապրանքների իրացմանը վերաբերող հարկային հաշիվներ, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Բացի այդ, «ՀՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվառման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում ընկերությունը չի ներկայացրել ներմուծման հարկային հայտարարագիր և պետբյուջե որևէ վճարում չի կատարել: ՊԵԿ տեղեկատվական բազայի տվյալների համաձայն՝ ընկերությունը ցույց է տվել ընդամենը 11.4 մլն դրամի իրացման շրջանառություն, սակայն պետբյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար չի առաջացրել` ցույց տալով մոտ 60.000 դրամ հաշվանցման ենթակա գումար:
Ընկերության կողմից ներկրված որոշ ապրանքատեսակներ ենթակա են եղել դրոշմապիտակավորման, սակայն ընկերությունը դրոշմապիտակների ստացման հայտ չի ներկայացրել և չի ստացել: Խախտման վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:
Կարդացեք նաև՝Մոտ 350 մլն դրամի վնաս է պատճառվել պետությանը. Նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն