Հայաստանը 2016-ը կավարտի 1,1% գնանկմամբ, իսկ 2017-ին կունենա 2,4%-ի գնաճ: Այս մասին կանխատեսվում է Եվրասիական զարգացման բանկի կողմից հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ զեկույցում:
«Հայաստանում գների վրա ազդող արտաքին դեֆլյացիոն գործոնների ազդեցությունը 2016թ-ի ընթացքում աստիճանաբար նվազում է: Հուլիս-օգոստոսին ինֆլյացիոն գործընթացները հիմնականում պայմանավորված են եղել ներքին գործոններով` թույլ սպառողական ակտիվությամբ և սակագների ծրագրային նվազմամբ: Հունվար-օգոստոս ամիսներին տարեկան կկտրվածքով դեֆլյացիան կազմել է 1,6%», - ասված է զեկույցում, գրում է Panorama.am-ը:
ԵԱԶԲ փորձագետները գտնում են, որ ներքին սպառման պահանջարկի աճով, ինչպես նաև` ներկրվող հումքի և ապրանքների գների աճով պայմանավորված` 2017-2018թթ-ին ինֆլյացիայի մակարդակը կկազմի համապատասխանաբար 2,4% և 3,6%:
Միևնույն ժամանակ ԵԱԶԲ զեկույցում կանխատեսվում է, որ 2016թ-ին տնտեսական աճի մակարդակը կկազմի 2%, ինչը 0,6%-ով ավելի քիչ է նախորդ կանխատեսումից:
Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Հայաստանի 2016թ. տնտեսության աճի կանխատեսման ցուցանիշը մինչև 3.2%, իսկ 2017-ին` մինչև 3.4%: ԱՄՀ հոկտեմբերի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցի համաձայն, 2016-ին ավարտին ակնկալվում է 0,5% գնանկում, իսկ 2017-ին` 2,5% գնաճ: Բացի այդ, ԱՄՀ-ն կանխատեսում է գործազրկության աճ մինչև 17,9% 2016-ին և մինչև 18%` 2017-ին: