Սիրիական Հալեպ գավառի հյուսիսում`Աֆրինի արվարձանում թուրքական բանակը մի քանի գյուղ է հրետակոծել, որի հետևանքով 1 խաղաղ բնակիչ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ մասին հայտարարել է սիրիացի քրդերի ընդդիմադիր «Սիրիայի ժողովրդավարական խորհրդի» (ՍԺԽ) անդամ Ռեյզան Հեդուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Երիտասարդ է մահացել, տասնյակ խաղաղ բնակիչներ վիրավորվել են թուրքերի կողմից Մարունա, Սանայա, Հայկաջա և Շադայի գյուղերի հրետակոծման հետևանքով: Հրետակոծությունները շարունակվում են»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա աել է նաև, որ սիրիացի քրդերը կարծում են, որ «ԱՄՆ և Թուրքիայի միջև տարաձայնություններ կան և ՆԱՏՕ-ն Թուրքիայի միջոցով ներառում է Մերձավոր Արևելքը` շեշտը դնելով Թուրքիայի կրոնական առնչությունների վրա արաբական երկրների մեծ մասի հետ»:
Թուրքիան արագացնում է Հալեպի հյուսիսում իր այսպես կոչված հակաահաբեկչական «Եփրատի վահանը» գործողությունը` նպատակ ունենալով ամրագրել «Սիրիայի տարածքի մի մասի օկուպացիան»: Ինչպես հայտնել է լիբանանյան As Safir թերթը, Անկարան «մտադիր է կրկնել Սիրիայում այն սցենարը, որն իրագործել է Իրաքում, որտեղ նրան հաջողվեց «ռազմական ճամբար ստեղծել Բաշիկայում»:
Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերը մշտական առճակատման մեջ են քուրդ կամավորականների հետ` համարելով, որ նրանք կապ ունեն Թուրքիայում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցուըթյան հետ: