22 նոյեմբերի 2016 - 15:42 AMT
Երևանում քննարկում են Հայոց ցեղասպանության հետևանքների հատուցման մեխանիզմները

Նոյեմբերի 22-ին Երևանում իր աշխատանքն է սկսել Հայոց ցեղասպանության հետևանքների հատուցման հարցերին նվիրված առաջին գիտաժողովը «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» խորագրով: «Մինչ օրս հիմնականում ուշադրության կենտրոնում են եղել Ցեղասպանության նպատակների և մեթոդների ուսումնասիրության, միջազգային ճանաչման հարցերը: Այժմ հիմնահարցն անցնում է մեկ այլ հարթություն` հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքով ծանր կորուստներ է կրել` տարածքային, նյութական, ֆինանսական, մշակութային»,-ասել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Ըստ նրա, ակադեմիայի խնդիրն է առաջիկայում միջազգային հանրությանը ներկայացնել, թե ինչ մեծ կորուստներ է կրել հայ ժողովուրդը Ցեղասպանության տարիներին և ինչպես դրանք կարելի է հատուցել:

«Պետք է մշակվեն հատուցման իրավաբանական, տնտեսական և ֆինանսական մեխանիզմներ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո մեծապես կարևորվում է հատուցման հարցը»,-ասել է Սուվարյանը:

Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն պատմագիտական խնդիրներ, իրավաքաղաքական, ֆինանսական և գույքային, ժողովրդագրական հարցեր, ինչպես նաև բանասիրության, ազգագրության և արվեստագիտության հարցեր:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

Ընթերցեք նաև. Սարգսյան. Թուրքիան պատարստ չէ առանց նախապայմանների ՀՀ հետ հարաբերություններ հաստատել