Սիրիական բանակն ահաբեկիչներից ազատագրել է Հալեպի Բոստան Փաշա շրջանը: Այս մասին հայտնում է «Արևելք» պարբերականը՝ նշելով, որ քաղաքում տոնական մթնոլորտ է, քանի որ այս շրջանի ազատագրումով Հալեպը մոտեցել է վերջնական հաղթանակին։
Լրատվականի աղբյուրը կարողացել է մուտք գործել թեժ մարտերի թատերաբեմ դարձած և նոյեմբերի 27-ին երեկոյան սիրիական բանակի կողմից ազատագրված շրջանը։ Այս թաղամասը գտնվում է հայկական Նոր Գյուղ թաղամասի հարևանությամբ։
Թաղամասի բարձրահարկ շենքերից մեկը, ըստ ղբյուրի, եղել է ահաբեկիչ զինյալների կենտրոնատեղին, որտեղից էլ նրանք հրթիռակոծել են հայկական թաղամասերը:
Ավելի վաղ Հալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանը հայտնել էր, որ հալեպահայերն ընկճված են, սակայն վերջին երեք օրերին կառավարական զորքերի արձանագրած առաջխաղացումը դեպի քաղաքի արևելյան թաղամասեր հույս ու լավատեսություն է ներշնչել. «Անձամբ եմ տեսել բազմաթիվ ավտոբուսներ, որոնք քրդական թաղամաս Շեյխ Մագսուտիից տեղափոխում էին արևելյան թաղամասերից փախուստի դիմած կանանց, երեխաների, ծերունիների»: