Արդեն երկրորդ օրն է Ադրբեջանում արգելափակված են «Ամերիկայի ձայն» ու «Ազատություն» ռադիոկայանների կայքերը, որոնք ամենաընթերցվողներից են այդ երկրում: Կապի նախարարությունը, էլեկտրոնային անվտանգության կենտրոնն ու երկրում ինտերնետի գլխավոր մատակարար «Դելտատելեկոմը» մեկնաբանություններ չեն անում և բացատրություններ չեն տալիս:
Կայքերն արգելափակվել են նոյեմբերի 28-ի երեկոյան, ավելի ուշ կայքերը գործել են, սակայն նոյեմբերի 29-ի առավոտյան կրկին արգելափակվել են:
Այն, որ պաշտոնական մարմինները չեն մեկնաբանում իրավիճակը, վկայում է այն մասին, որ արգելափակումն իշխանությունների հսկողությամբ է իրականացվել: Նպատակի մասին բարդ է դատել, սակայն, չի բացառվում, որ իշխանությունները ձգտում են կրճատել այն հարթակների քանակը, որտեղ ակտիվորեն քննադատում են իշխանություններին գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման համար, գրում է contact.az-ը:
Մեծ խափանումներով է աշխատում նաև երկրի միակ ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի կայքը: