ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Բանակցություններն ավարտվել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի ստորագրման արարողությամբ:
Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հավանական է` 1994-ից Բաքուն արդեն 20 տարի շարունակ արգելակում է բանակցային գործընթացը:
«Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը` Երևանը ստիպված կլինի ներքաշվել գործողությունների մեջ, եթե դա տեղի ունենա: Պարզ է, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ամբողջ Հարավային Կովկասի համար»,-ասել է ՊՆ ղեկավարը: