6 փետրվարի 2017 - 13:59 AMT
Բաքուն և Կիևը մտադիր են խորացնել գործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում

Ադրբեջանն ու Ուկրաինան մտադիր են քննարկել ռազմատեխնիկական գործակցության խորացման հարցերը: Այդ մասին հայտարարել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:

«Շուտով ռազմատեխնիկական գործակցության միջկառավարական հանձնաժողովը նիստ կգումարվի: Մեծ պատվիրակություն կժամանի Բաքու: Խորացված գործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում հարաբերությունների ցուցիչն է»,-ասել է դեսպանը:

Ըստ նրա, եթե 20-րդ դարի 90-ականներին Ուկրաինան օգնում էր Ադրբեջանին ռազմական ոլորտում, ապա այժմ Կիևը դիմում է Բաքվին որոշ զինատեսակների առաքման հարցով, հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի տվյալների, որն առաջատար հաստատություններից է այդ բնագավառում, Ադրբեջանը 10 տարում $22,7 միլիարդի զենք է գնել` դառնալով խոշորագույն զենք ներմուծողը Եվրոպայում:

2016-ի հուլիսին հայտնի դարձավ, որ ուկրաինական ԱՆ-178 ինքնաթիռները կհավաքեն Ադրբեջանում: