Նախագահ. Կայացած ժողովրդավարությամբ Շվեդիան ՀՀ-ի համար օրինակելի երկիր է

Նախագահ. Կայացած ժողովրդավարությամբ Շվեդիան ՀՀ-ի համար օրինակելի երկիր է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 8-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Սարգսյանը ողջունել է բարեկամ Շվեդիայից ժամանած հյուրերին և ընդգծել խորհրդարանականների դերը միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նշելով, որ Հայաստանի և Շվեդիայի հարաբերությունները վերջին տարիներին բնորոշվում են դինամիկ առաջընթացով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է առաջիկայում ևս այդ դինամիկան պահպանելու Սկանդինավյան տարածաշրջանում իր կարևոր ու վստահելի գործընկերներից մեկի՝ Շվեդիայի հետ:

Երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու ցանկությունը, Հանրապետության նախագահի խոսքով, պայմանավորված է ոչ միայն քաղաքական և տնտեսական շահերով, այլ նաև արժեհամակարգային նկատառումներով. Շվեդիան Հայաստանի համար օրինակելի երկիր է ընդհանուր եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, կայացած ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների իրացման բարձր մակարդակով և օրենքի գերակայությամբ, ինչին ձգտում է հասնել Հայաստանը՝ տարիներ շարունակ իրականացնելով համալիր բարեփոխումներ:

Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան այցի օրակարգը բավականին հագեցած է և օգտակար: Նա ընդգծել է, որ այն հարցերը, որոնք վերաբերում են Եվրոպական հարևանության քաղաքականությանը և Արևելյան գործընկերությանը, մշտապես գտնվում են Շվեդիայի խորհրդարանի ուշադրության ներքո և աշխույժ քննարկվում են:

«Այս հարցերի շուրջ մեր խորհրդարանում բազմակուսակցական համաձայնություն կա, և անկախ կուսակցական պատկանելությունից, կա աջակցություն այս գործակցությանն ու մասնավորապես այն ծրագրերին, որ նախաձեռնվում են Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությամբ»,-ասել է Քեննեթ Ֆորշլունդը:

Հանդիպմանը զրուցակիցները հայ-շվեդական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի գործակցությանը, ինչպես նաև ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին և կառավարման նոր համակարգի անցնելու այս փուլում դրանց կարևորությանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---