ՀՀ-ում քննարկվել է փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերը. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը:
Կողմերը կարևորել են երկու կառույցի փոխգործակցությունը փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Մասնավորապես, շեշտադրվել է ազատությունից զրկման վայրերում վերը նշված անձանց իրավունքների պաշտպանությունը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի կոնտեքստում:
Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով համատեղ իրականացվող ծրագրին առնչվող մի շարք առաջնահերթություններին:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի ընդլայնելու համագործակցությունը փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր ոլորտներում:
Վերջին տարիներին Հայաստանն ընդունել է մոտ 20.000 սիրիացի փախստականի: