Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավորը ներկայացրած հայցի մերժումից հետո նա պատրաստվում է դիմել ՄԻԵԴ:
Հունվարի 13-ին Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում Փայլանը կիրառել էր ցեղասպանություն բառը, ինչի հետևանքով խորհրդարանի նախագահության կողմից որոշում էր կայացվել նրան զրկել խորհրդարանական 3 նիստին մասնակցելուց, իսկ ելույթը հանել խորհրդարանական արձանագրությունից:
Այդ որոշումը նա բողոքարկել էր երկրի սահմանադրական դատարանում, սակայն մերժվել էր ներկայացված հայցը:
Փայլանը նշել է՝ երկրի դատարանի կողմից այդ խնդրին լուծում չտալու և ժողովրդավարությանը հասցված այդ որոշումը չեղյալ չհամարելու պատճառով որոշել է դիմել ՄԻԵԴ, Ակոս-ին հղումով գրում է Panorama.am-ը: