«Հիմնադիր խորհրդարանը» գլխավորող Ժիրայր Սեֆիլյանն ու հուլիսին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» հանդես են եկել հայտարարությամբ` ողջունելով մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի համակիրների դրսևորած «ընդվզումային նկրտումը»։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «դաշինքի համակիրները ոչ միայն ընդվզել են քաղաքացիների իրավունքների, պատվի և արժանապատվության ոտնահարման դեմ, այլև պատժել են ոտնահարողին, պատժվել է գաղութային վարչակազմի գլխավոր «մահակներից» մեկի՝ ոստիկանության զորքերի հրամանատար, ժողովրդի և քաղաքացու դեմ իր ենիչերիական վայրագությամբ հայտնի Լևոն Երանոսյանի եղբայրը, ով նույնպես ծառայում է ոստիկանության զորքերում և մշտապես աչքի է ընկել ոչ պակաս վայրագությամբ»:
Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը» նաև ողջունում են «տեղի ունեցածի նկատմամբ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի վճռական և արժանապատիվ կեցվածքը»։
«Սեյրան Օհանյանին ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեպի գերմանական հողեր հռոմեական գաղութատիրության ծավալումը հաջողությամբ կասեցրած ապստամբությունը ղեկավարում էր հռոմեկան բանակի՝ գերմանական ծագում ունեցող զորավար Արմինիուսը», - նշվում է հայտարարությունում:
Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցների և նույն գյուղի գյուղապետի միջև բախում է տեղի ունեցել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՕՐՕ ընտրարշավի ընթացքում գրանցված միջադեպի քրգործով ձերբակալված կա: