Գերմանական Հաննովերում հերթական անգամ չեղարկել են թուրք քաղաքական գործչի ելույթը: Նախատեսված էր Թուրքիայի Արդարության և զարգացման կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Մեհդի Էքերի ելույթը, հայտնում է eurointegration.com-ը:
Հաննովերի քաղաքապետ Շտեֆան Շոստոկն ասել է, որ մարտի 17-ին կայանալիք թուրք գործչի ելույթի կապակցությամբ նա հանդիպել է Ներքին Սաքսոնիա երկրամասի ոստիկանության ղեկավարի հետ:
«Այս որոշմամբ ցանակնում ենք հասկացնել, որ մեր քաղաքում մեզ համար, որպես պատասխանատու քաղաքական գործիչների, նման միջոցառումները ցանկալի չեն»,-ասել է Շոստոկը: Նա շեշտել է, որ Հաննովերը թուրքական ծագումով քաղաքացիների հետ խաղաղ երկխոսության կողմնակից է:
«Սակայն, որպես քաղաքագետ կարծում եմ, որ իրավունք ունեմ կանխելու Թուրքիայի ներքաղաքական վեճերի տեղափոխումը մեր քաղաք»,-ասել է նա:
Համբուրգում ևս տեղի իշխանությունների որոշմամբ չեղարկվել էր մարտի 7-ին նախանշված Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթը:
Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածության հերթական աճը տեղի ունեցավ, երբ Գերմանիայում չեղարկեցին թուրք նախարարների մասնակցությունը թուրքական համայնքի միջոցառումներին: Անկարան այդ արգելքը մի քանի անգամ համեմատեց նացիզմի հետ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կառավարությունը կարող է արգելել թուրք քաղաքական գործիչների մուտքը երկիր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար, հատուկ հանձնարարությունների նախարար Պետեր Ալթմայերը: