Վենեսուելայի Գերագույն դատարանը զրկել է երկրի խորհրդարանն օրենսդրական լիազորություններից և ստանձնել վերջինիս պարտավորություններն անորոշ ժամանակով: Քանի դեռ Ազգային ժողովն անտեսում է գործող օրենքները, օրենսդիրի գործառույթները կկատարի Գերագույն դատարանը կամ դրա նշանակած մարմինը:
Գերագույն դատարանը դեռ 2016-ի օգոստոսին եզրակացության էր եկել, որ ընդդիմադիր մեծամասնությունը խորհրդարանում խախտում է գործող օրենսդրությունը, քանի որ 3 պատգամավոր երդում է տվել, որոնց մանդատները կասեցված էին ընտրություններում խախտումների պատճառով: Ընդդիմությունը դրանում տեսնում է իր ազդեցությունը սահմանափակելու միտում:
Մարտի 22-ին Վենեսուելայի Գերագույն դատարանն արդեն զրկել էր խորհրդարանականներին պատգամավորական անձեռնմխելիությունից՝ ճանապարհ հարթելով դեպի նրանց քրեական հետապնդում, գրում է Deutsche Welle-ն:
Որոշումները կայացվել են Վենեսուելայի սոցիալիստ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության և ընդդիմության միջև խորը առճակատման ֆոնին:
Վենեսուելայում առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի պատճառով արդեն բազմիցս են զանգվածային հուզումներ ու թալան եղել: Նախագահ Մադուրոն, սակայն, հաջողությամբ դիմակայում է իրեն պաշտոնանկ անելու ընդդիմության փորձերին: